Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ո՞ՒՄ ՋՐԱՂԱՑԻՆ Է ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ «ՍԹԱՐԸ»

Ո՞ՒՄ ՋՐԱՂԱՑԻՆ Է ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ «ՍԹԱՐԸ»
01.03.2011 | 00:00

Հաճախ աննկատ և ամենասովորական կենցաղային նշանակության դրսևորումները կարող են իրենց հիմքում ունենալ շատ հեռուն գնացող ծրագրեր։ Դրանցից է «Սթար» սուպերմարկետների ցանցի նոր` «հաճախորդի պարգևատրման» ծրագիրը, որը ենթադրում է կուտակային համակարգի կիրառում։
Գուցե շատերի համար անհասկանալի լինի այս խնդրին մեր անդրադարձի պատճառը, քանի որ կուտակային քարտերը նորություն չեն, և շատ խանութներ նմանատիպ ծառայություններ են առաջարկում` հաճախորդներ ներգրավելու նպատակով։ Այո, սակայն «Սթարը» միակն է, որ մինչև չի տեղեկանում հաճախորդի ուղնուծուծին, կուտակային քարտերը չեն գործում։ Եվ այսպես. համաձայն վերը նշված ծրագրի, 5 հազար դրամից ավելի գնում կատարելու դեպքում հաճախորդին «Սթարը» տրամադրում է կուտակային քարտ։ Քարտի հետ մեկտեղ տրամադրվում է ինֆորմացիոն թերթիկ, և հենց այստեղ էլ սկսվում են անհավանականն ու անհասկանալին։ Թերթիկի ներսում գլխատառերով գրված է. «Հաճախորդի կարգավիճակ», որում նշված են հետևյալ տարբերակները` ուսանող, աշխատող, գործազուրկ, տնային տնտեսուհի, անհատ ձեռներեց, թոշակառու։ Այնուհետև պահանջվում է հաճախորդի սեռը, անուն-ազգանուն-հայրանունը, ծննդյան թիվը, ամիսն ու օրը, բնակության հասցեն, փոստային ինդեքսը, բջջային հեռախոսը, էլեկտրոնային փոստի հասցեն։ Նշվում է նաև, որ «ցանկալի է տրամադրել նաև տան անդամներից որևիցե մեկի էլեկտրոնային փոստի հասցեն ևս»։ Այնուհետև պարտադիր պահանջվում է նշել հաճախորդի ընտանիքի բոլոր անդամների սեռը, ծննդյան տարեթիվը, ամիսն ու օրը, անուն-ազգանուն-հայրանունը, նրանց ընտանեկան վիճակի մասին տեղեկությունը։ Անհրաժեշտ է նաև լրացնել հետևյալ տողը. «Արդյոք մեքենա ունե՞ք»։ Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան, կարծես, չկա, սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես, քանի որ հենց այս հարցաշարերում է թաքնված շան գլուխը։ Համաձայնեք, որ շատ տարօրինակ է նման պահանջ ներկայացնել հաճախորդին։ Ի՞նչ կապ ունեն հաճախորդի ամուսնացած լինելն ու չլինելը կատարված գնումների հետ, կամ ինչո՞ւ նրա ընտանիքի մասին ամբողջական տեղեկությունը պետք է ամրագրված լինի «Սթարի» համակարգչային ցանցում։ «Սթարի» աշխատակիցները նման մանրամասն տեղեկության հավաքագրումը բացատրեցին ցանցի կողմից տարբեր անակնկալներ հաճախորդին տրամադրելու ռազմավարությամբ։ Այսինքն, մեկ ձրի հավի կամ էլ 100 գրամ կոնֆետի դիմաց մեր քաղաքացիները պարտավորված են իրենց մասին ամբողջական տեղեկությունը տրամադրելու «Սթարին»։ Ասում են` «ձրի պանիրը թակարդում է լինում»։ Այս ասացվածքը խիստ արդիական է։ Սուպերմարկետային ցանցի սեփականատերերը, ըստ ամենայնի, լավատեղյակ լինելով մարդու մտածողությանն ու հոգեբանությանը, փորձում են հնարավորինս աննկատ ձևով քաղաքացիների մասին ազգային անվտանգության նշանակության տեղեկություն հավաքել ինչ-որ մի կառույցի ջրաղացին ջուր լցնելու համար։
Գուցե շատերը, այդ թվում նաև` նշված սուպերմարկետի ղեկավարությունը, մեզ մեղադրեն անհիմն մտավարժության մեջ` նշված խնդրի վերաբերյալ։ Սակայն, երբ ուշադիր ուսումնասիրում ենք քարտի հետ տրամադրված «հաճախորդի պարգևատրման» ծրագրի տեղեկատվական թերթիկը, ապա այնտեղ սևով սպիտակի վրա զետեղված է այդ տեղեկատվության հավաքագրման վտանգավորությունը, և, որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի, մեջբերում ենք գաղտնիության կանոններից մեկ հատված. «Սթարը» որևէ այլ կազմակերպության կամ գործակալության չի կարող տրամադրել հաճախորդների նույնականացման տեղեկատվությունը` ինչպիսին են հաճախորդի անունը, բնակության հասցեն, էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարները, բացառությամբ ստորև ներկայացված դեպքերի.
««Սթարը» կարող է հաճախորդների նույնականացման տեղեկատվությունը, հաճախորդի կատարած գնումների մասին տրամադրել իր գործընկերներին, որոնք կարող են հաճախորդին հետաքրքրվող ծառայությունների և ապրանքների մասին տեղեկացնել նամակագրական կապի միջոցով։ Այդ կազմակերպությունները պարտադիր կնքում են գաղտնիության համաձայնագիր, որն արգելում է նրանց տեղեկատվությունն օգտագործել անօրինական նպատակով։ Օրենքով սահմանված կարգով «Սթարը» կարող է ցանկացած կազմակերպությանը, անհատի կամ գործակալությանը տրամադրել հաճախորդի նույնականացման տեղեկատվությունը` միաժամանակ չխախտելով «Սթարի» իրավունքներն ու անվտանգության պահանջները»։ Վերլուծենք այս մեջբերումը վերջից. «Սթարը» պարտավորվում է պահպանել իր իրավունքներն ու անվտանգության պահանջները։ Հարց է առաջանում` իսկ ո՞վ պետք է պահպանի հաճախորդի իրավունքներն ու անվտանգության պահանջները։ Ո՞վ և ինչո՞ւ է որոշել, որ իրավունք ունի հաճախորդի գնումների մասին, այսինքն` նրա ֆինանսական հնարավորությունների մասին տեղեկությունը տրամադրել մեկ այլ կազմակերպության։ Ի՞նչ է սա, մարդկանց գրպանը մտնելու նոր ձև՞, թե՞ կան գործակալություններ և կազմակերպություններ, որոնք «Սթարի» միջոցով ուզում են լավատեղյակ լինել մարդկանց յուրաքանչյուր քայլին, եթե ոչ, ապա ինչո՞ւ է «Սթարը» փորձում ճշտել` իր հաճախորդը ձեռներե՞ց է, ուսանո՞ղ, թե՞ տնային տնտեսուհի։ Եվ ինչո՞ւ մարդը պետք է իր և իր ընտանիքի մասին այդքան լայնածավալ տեղեկություն տրամադրի ինչ-որ խանութի։
Եվ որպեսզի չստացվի, թե մենք դիտավորյալ ներկայացնում ենք նշված թերթիկի կասկածելի հատվածները միայն, մեջբերենք կուտակային քարտի նպատակների մասին տեղեկատվությունը. «Սթարը» պարտավորվում է պահպանել հաճախորդների կողմից տրամադրված տվյալների գաղտնիությունն օրենքի սահմաններում։ Տվյալների հավաքման նպատակն է բարելավել հաճախորդների սպասարկման որակը։ «Սթար» քարտի միջոցով հավաքվում են այն անհրաժեշտ տվյալները, որոնք օգնում են կատարել հատուկ առաջարկներ, ծառայություններ «Սթարի» հաճախորդներին։ Վերջինս կարող է արտահայտված լինել առաջարկվող ապրանքների, ծառայությունների և այլ առավելությունների տեսքով»։ Միանգամից ընդգծենք այս և վերոնշյալի խիստ հակասությունը. եթե կուտակային քարտի նպատակների մասին տեղեկատվությունում շեշտվում է, որ «Սթարը» պարտավորվում է պահպանել հաճախորդների կողմից տվյալների գաղտնիությունը, ապա գաղտնիության կանոններ հատվածում նշված է, որ «Սթարը» կարող է այդ տեղեկությունը տրամադրել իր գործընկերներին։ Սրանից բացի, անհասկանալի է, թե ինչպես է այս համակարգը բարելավելու մատուցվող ծառայությունները։ Այսինքն, երբ «Սթարը» տեղեկանում է` իր հաճախորդը (տղամարդ, կին), ամուսնացած է, թե ոչ, ապա այդ կերպ ծառայությունները բարելավելու նպատակով նրան կին կամ տղամա՞րդ է առաջարկելու։ Կարճ ասած, պսակելո՞ւ է։ Ինչ վերաբերում է ընտանիքի անդամների մասին ամբողջական տեղեկատվությանը, այդ դեպքում «Սթարը», նոր ծառայություններ մատուցելով, գուցե փորձելու է կարգավորել յուրաքանչյուրի ընտանիքում ծառացած տարբեր խնդիրնե՞ր։ Մի խոսքով, կատակը կատակ, սակայն վտանգը բավականին մեծ կարող է լինել, քանի որ «Սթարի» և ոչ մի հաճախորդ չգիտի, թե ում հետ է համագործակցում այս ընկերությունը, և ում ձեռքերում կարող է հայտնվել իր մասին տեղեկությունը։ Չի բացառվում, որ սա նաև լինի յուրօրինակ հոգեորսության խայծ, քանի որ այս տեղեկատվությունը կոչվում է նույնականացման տեղեկատվություն, նույն կերպ է անվանվում նաև սոցիալական քարտերի, կենսաչափական նոր անձնագրերի համար հավաքագրվող տեղեկատվությունը։ Այդպիսով, մարդկանց որոշակի խմբին, որոնք դավանանքից ելնելով չունեն սոցքարտեր, առանց իրենց իմացության «Սթարի» միջոցով կարող են հաշվառել սոցիալական քարտերի ծրագրում։ Գուցե և մենք սխալվում ենք` սոցիալական կառույցները չեն համագործակցում «Սթարի» հետ, սակայն ինչ-որ այլ կառույցներ, այնուհանդերձ, համագործակցում են, ինչի մասին փաստում են վերը նշված մեջբերումները։ Չի բացառվում նաև, որ գործ ունենք ուղղակի քաղաքական խնդրի հետ։ Գուցե առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններում «Սթարը» պոտենցիալ ընտրողներին (կրկին առանց վերջիններիս իմացության) օգտագործելու նպատա՞կ ունի։
Եթե անգամ ընդունենք, որ ոչ մի նենգ մտադրություն էլ չկա, ապա, միևնույն է, նույնականացման տեղեկության հավաքագրումն անտրամաբանական է և մտածելու տեղիք է տալիս։ Եվ ինչու այն կազմակերպությունները, որոնք համագործակցում են «Սթարի» հետ, չեն կարող օրենքով սահմանված կարգով անձի նույնականացման մասին տեղեկությունը ստանալ համապատասխան իրավական կառույցներից, այլ պետք է ստանան «Սթարից»։ Հնարավոր է, որ այդ կազմակերպությունները զգուշանում են իրավապահ մարմինների հարցադրումներից, ինչը կարող է ծագել նման տեղեկատվություն պահանջելու դեպքում։ Եվ, ի վերջո, ինչո՞ւ հաճախորդը պետք է վստահի «Սթարին»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ